Մաս 1
Կոլումբոսը հայտնագործեց Նոր աշխարհը, սակայն իսպանացիների գլխավոր նպատակը` ծովային ուղով հասնել Հնդկաստան և Չինաստան, մնում էր չիրականացված:
1513 թվականին իսպանացի Բալբոան Կենտրոնական Ամերիկայի հատվածում հայտնագործեց Խաղաղ օվկիանոսը, որին տվեցին Հարավային ծով անվանումը: Այդ ժամանակ դեռ ոչ մի եվրոպացի չէր նավարկել Խաղաղ օվկիանոսի ջրերով: Ավելին՝ շատերն այն կարծիքին էին, որ նույնիսկ հնարավոր էլ չէ Ատլանտյան օվկիանոսից Հարավային ծով թափանցել:
1519 թվականի սեպտեմբերի 20-ին Իսպանիայի Սևիլիա նավահանգստից դուրս է գալիս 5 նավից բաղկացած նավախումբ՝ 265 հոգուց բաղկացած անձնակազմով: Արշավախմբի առջևից ընթանում էր Ֆ. Մագելանն իր «Վիկտորիա» նավով: Նավատորմն ուղղություն է վերցնում դեպի Հարավային Ամերիկայի արևելյան ափերը: Եվ ահա, նշանավոր ծովագնաց Ֆերնան Մագելանը համարձակ ծրագիր է առաջարկում Իսպանիայի թագավորին. «Տվեք ինձ հնարավորություն և Ես Իսպանիայի համար Հարավային ծովով կբացեմ կարճ ու անվտանգ ճանապարհ դեպի Չինաստան, Հնդկաստան և Համեմունքի կղզիներ»: Իսպանիայի թագավորն այդ համարձակ առաջարկին հավանություն է տալիս:
Մայրցամաքի ափի երկայնքով նրանք շարունակ նավարկում են դեպի հարավ: Շուտով Մագելանի ենթադրությունները լիովին հաստատվում են: Արշավախումբը մայրցամաքի հարավում հայտնաբերում է երկու օվկիանոսներն իրար միացնող նեղուցը, որը հետագայում անվանվում է Մագելանի անունով: 22 օր նավարկելով նեղուցով՝ նավերը դուրս են գալիս լայնարձակ օվկիանոս: Ավելի քան երեք ամիս նավախումբը մեծ օվկիանոսով նավարկում էր. ամբողջ ընթացքում եղանակը հիանալի էր, ծովը՝ խաղաղ, և Մագելանը ջրային այդ հսկա տարածությունն անվանեց Խաղաղ օվկիանոս:
Ամիսներ տևած նավարկության ընթացքում սպառվել էր նավերի վրա եղած սննդամթերքը: Ուժասպառությունից և հիվանդություններից շատերը մահանում են: Իսկ ցանկալի ցամաքը դեռ չէր երևում: Մագելանը համոզված էր, որ առջևում ցամաք կա, հետևաբար նա համառորեն առաջ էր շարժվում: Վերջապես, 1521 թվականի մարտի 6-ին հուսահատ նավաստիները հեռվում նկատում են ծաղկուն կղզիներ: Կղզիների բնակիչներից վերցնելով սննդամթերքի և ջրի անհրաժեշտ պաշարներ՝ Մագելանի նավախումբը շարունակում է իր ուղին և մի քանի օր հետո հասնում է ասիական առաջին կղզիախմբին՝ Ֆիլիպինյան կղզիներին: Այստեղ տեղի ունեցած զինված ընդհարումներից մեկի ժամանակ զոհվում են Մագելանը և իր ուղեկիցներից շատերը: Դա 1521թ. ապրիլի 27-ին էր: Սակայն արշավախումբը շարունակում է իր ճանապարհը Էլ Կանոյի գլխավորությամբ, նորանոր դժվարություններ հաղթահարելով՝ 1522թ. սեպտեմբերի 6-ին հասնում է Իսպանիա՝ կատարելով պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը :
Արշավախմբի ողջ կազմից կենդանի են մնում և հայրենիք վերադառնում ընդամենը 18 մարդ՝ մեկ նավով:
Ֆ. Մագելանի պատմական նավարկությունից հետո իրականացվեցին էլի շատ շուրջերկրյա նավարկություններ:
Մաս 2
Եթե նայես քարտեզին, ապա կնկատես, որ Մագելանի նեղուցից հարավ՝ Անտարկտիդայի ու Հարավային Ամերիկայի միջև, տարածվում է բավականին լայն մի նեղուց, որը կրում է Դրեյկի անունը: Իսկ ո՞վ է Դրեյկը, և ինչո՞ւ է նեղուցը նրա անունը կրում: Անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկին ժամանակակիցները ծովահեն էին համարում, որովհետև նա հաճախ էր հարձակումներ գործում իսպանական տիրույթների վրա, թալանում իսպանական նավերը: Սակայն նրա կյանքի իսկական նպատակը աշխարհագրական հայտնագործություններն էին, իր հայրենիքին փառք ու ճանաչում բերելը:
1577թ. Դրեյկը ձեռնարկում է պատմության մեջ երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը՜ գրեթե կրկնելով Մագելանի անցած ուղին: Այդ ընթացքում առաջին անգամ նա անցնում է այն նեղուցով, որը հետագայում ստացավ իր անունը: Դրեյկը մի շարք ուսումնասիրություններ կատարեց Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերին և ավելի քան երկու տարի տևած ճանապարհորդությունից հետո բարեհաջող վերադարձավ Անգլիա: Անգլիայի թագուհին, գոհ մնալով ճանապարհորդության արդյունքներից, Դրեյկին հայտարարեց ազգային հերոս, ձեռնադրեց ասպետ, իսկ հետագայում շնորհեց նաև փոխծովակալի տիտղոս: Վերջինիս նա արժանացավ այն բանից հետո, երբ ջախջախեց իսպանական «Անպարտելի Արմադա» նավատորմը: Իր գործունեությամբ Դրեյկը մեծ փառք ու հարստություններ բերեց Անգլիային:
18-րդ դարի ամենից նշանավոր ծովագնաց-ճանապարհորդը անգլիացի Ջեյմս Կուկն է: Պատկերացնո՞ւմ ես, շուրջ 10 տարվա ընթացքում նա երեք շուրջերկրյա նավարկություն է կատարել: Առաջին Հավայան կղզիների ծովափնյա նավարկության ժամանակ նա հայտնագործեց Նոր Ձելանդիա կղզիները և Ավստրալիայի ափերը: Կուկի երկրորդ ճանապարհորդության նպատակն էր՝ փնտրել եվրոպացիների կողմից վաղուց պատկերացրած «Հարավային անծանոթ ցամաքը»: Այդ արշավանքի ժամանակ հայտնաբերվեցին բազմաթիվ կղզիներ ու կղզիախմբեր Խաղաղ օվկիանոսում, սակայն որոնված մայրցամաքն այդպես էլ չգտնվեց:
Շուտով կազմակերպվում է շուրջերկրյա երրորդ ճանապարհորդությունը, որն ավարտվեց Հավայան կղզիների հայտնաբերմամբ, որտեղ էլ Կուկը սպանվեց տեղաբնիկների կողմից: Անգլիայում մեծ ափսոսանքով ընդունեցին խիզախ ծովագնացի մահվան լուրը:
Բոլոր շուրջերկրյա ճանապարհորդությունները ևս ընդլայնեցին մարդկանց ճանաչողության սահմանները:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ նպատակով իրականացվեց Ֆ. Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը:
- Ի՞եչ գիտես Ֆ. Դրեյկի մասին:
- Պատմի՜ր Ջ. Կուկի ճանապարհորդությունների մասին:
Պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը կատարել է անվանի ու խիզախ ծովագնաց Ֆերնան Մագելանը, երկրորդը՝ անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկը: Անգլիացի Ջեյմս Կուկը երեք շուրջերկրյա նավարկություն է կատարել:
Շուրջերկրյա ճանապարհորդությունների շնորհիվ մարդիկ շատ ու շատ նոր բաներ իմացան երկրագնդի մասին: