Հին հայկական Նոր տարի. Կաղանդից մինչև Ամանոր

Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:

Խոր անցյալում հայոց նախնիները Նոր տարին՝ Կաղանդը տոնել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նա փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ էր տալիս՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Հայոց երկրորդ Նոր տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերել մրգերի և չրերի շարաններ և կախել առաստաղից: Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Հնում հայերը պատրաստել են նաև կճախաշ՝ կճուճի մեջ ողջ գիշեր եփել են հատիկեղեններ, թոնրի մեջ եփել են նաև տոնական հարիսա՝ որպես նոր սկսվող տարվա երկրագործական աշխատանքների առատության խորհրդանիշ։ Ավանդական հայկական սեղանին բնորոշ է եղել նաև անուշապուրը՝ տարբեր չրերով եփված ձավարը, պասուց տոլման, որը պետք է պարունակեր 7 տարբեր հատիկեղեններ։



Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որից գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում հայտնի էր «Գոտեկախի» սովորույթը: Երբ երիտասարդ աղջիկներն ու պատանիները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրիկ խմբերով տոպրակներ, գուլպաներ կամ կողովներ առած շրջում էին երդիկից երդիկ և դրանք պարանով երդիկից ցած իջեցնելով` բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը կախվածի մեջ զանազան ուտելիքներ էր լցնում:

Տան դուռը երբեք չէր փակվում: Առավոտ շուտ սկսվում էին այցելությունները: Բոլոր հյուրերը սպասված էին: Այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևաններին, քավորին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով: Տնեցիներն ու հյուրերը տուն մտնում էին աջ ոտքը առաջինը մտցնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին։

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: «Ամանորը» բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ Նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի:

Սովորաբար Ամանորը Հայաստանում դիմավորում են ընտանիքի հետ: Մինչև օրս էլ Հայաստանի որոշ շրջաններում տոնական «տարեհաց» են պատրաստում: Իհարկե, սեղանից անպակաս են գինին ու կոնյակը:

Դարերի ընթացքում, իհարկե, շատ բան է փոխվել, Բայց Նոր տարին այսօր էլ հայերի ամենասպասված և ամենաուրախ տոնն է:

Առասպել ծիրանենու` հայկական տոնածառի մասին

Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա:

Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտը հարձակվեց դաշտերի ու այգիների վրա: Թորգոմը որպեսզի ինչ-որ մրգատեսակի ծառ փրկի, արմատահան արեց մի ծիրանի ծառ ու տարավ այն իր տունը: Նույն բանն արեցին դաշտավայրի բնակիչները: Իսկ շուտով պիտի նոր տարի գար: Հեթանոսական ժամանակաշրջանում հայ ժողովուրդը տոնում էր Նոր տարին գարնան սկզբին:

Եվ հնչեցին որոտաձայն թմբուկները, ազդարարելով, որ սկսվում են ամանորի տոնակատարությունները: Դաշտավայրի բնակիչները դուրս եկան իրենց տներից փողոցներն ու սկսեցին շնորհավորել միմյանց՝ նոր տարվա առթիվ բերած կարասներից իրար գինի հրամցնել, կենացներ ասել ու ցանկանալ իրար առողջություն, հաջողություն ու եկող Նոր տարում այնպիսի մի խաղողի բերք ստանալ, որ նրանից պատրաստած գինին լինի ավելի համեղ ու բուրավետ: Շուտով նրանք հարբեցին ու սկսեցին պարել: Ինչ-որ մեկը տնից դուրս բերեց ծիրանի ծառը, և նրա շուրջը սկսվեց խմբապարը: Աստիճանաբար տոնակատարությունն ընդլայնվում էր, իսկ տրամադրությունները բարձրանում էին:

Հաջորդ տարի գարունն այդքան ցուրտ չէր: Բայց մարդիկ, այնուամենայնիվ, իրենց այգիներից ծառեր դուրս բերեցին ու զարդարեցին։ Գալող տարի ծիսակատարությունները ավելի ճոխացան: Եվ այդպես շարունակվեց, ու այդ ավանդույթը փոխանցվեց սերնդից սերունդ: Այդ ժամանակվանից բոլոր հայկական ընտանիքներում Նոր տարին տոնում են տան մեջ զարդարված կանաչ ծառի կամ կանաչ ճյուղի պարտադիր ներկայությամբ: Այդպիսի Ամանորի ծառը սկսվեց կոչվել «տոնածառ» կամ «տոնական ծառ»: Եվ մինչև այսօր էլ Հայաստանում Ամանորի զարդարված եղևնին կոչվում է «տոնածառ»:

Տոնածառ

Ամանորի տոնածառն առաջին անգամ զարդարվել է 1521 թ-ին, Էլզասի Սելեստա քաղաքում՝ ապակե գնդերով ու մոմերով: Առաջին հրապարակային տոնածառը տեղադրվել է Ֆրանսիայում, 1840 թ-ին, Անգլիայում՝ 1841 թ-ին, Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում՝ 1852 թ-ին:1916 թ-ին Ռուսական եկեղեցու Սինոդն արգելել է Ծննդյան տոնին տոնածառ զարդարելը՝ այն համարելով գերմանական սովորույթ: 1926 թ-ին տոնածառ զարդարելն ընդհանրապես արգելվել է՝ իբրև «կրոնական մնացուկ»: Ավանդույթը վերականգնվել է 1936 թ-ի Ամանորին:2008 թ-ին Ռիո դե Ժանեյրոյում` Լագոա լճի վրա, տեղադրվել է 85 մ բարձրությամբ և 530 տ կշռով լողացող տոնածառ, իսկ Մեխիկոյի 2009 թ-ի տոնածառն ունցել է 110,35 մ՝ 40-հարկանի շենքի բարձրություն (2 տոնածառերն էլ գրանցվել են «Գինեսի ռեկորդների գրքում»):Հայաստանի գլխավոր տոնածառը  տեղադրվում է Երևանի Հանրապետության հրապարակում. 2010 թ-ին այն ուներ բրգաձև գեղեցիկ տեսք և 35 մ բարձրություն:Տոնածառեր զարդարում են տանը, հրապարակներում, համերգասրահներում և մշակութային այլ օջախներում, որտեղ Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ կազմակերպում են ուրախ ու զվարճալի ծրագրեր:

   Սանտա Կլաուս անվան ծագումը նույնպես կապվում է սբ Նիկողայոսի անվան հետ: Նա  Սբ Նիկողայոսի տոներին (անցյալում նշվում էր դեկտեմբերի 19-ին) այցելում է երեխաներին և նրա նման նվերներ բաժանում: Նոր տոմարին անցնելուց հետո Սանտա Կլաուսը երեխաներին այցելում է արդեն Ծննդյան տոներին, ապա` նաև Նոր տարվան:    Սանտա Կլաուսը հագնում է կարմիր բաճկոն՝ սպիտակ մորթիով, և կարմիր անդրավարտիք, գլխին՝ կարմիր գդակ: Նրա հայրենիքը Լապլանդիան է` Սկանդինավյան թերակղզում` բևեռային գծից  հյուսիս:

Ձմեռ պապին անվանում են`
ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե,  անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս,  լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել,  իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝ Այազ Աթա, և այլն: 

Ամանորի պատմությունը

Նոր տարվա տոնակատարություններն սկիզբ են առել Բաբելոնում, մ. թ-ից 4 հզ. տարի առաջ: Այդ սովորույթը նրանցից փոխառել և հարևան ժողովուրդներին են փոխանցել հին եգիպտացիներն ու հռոմեացիները:

Նոր տարին հունվարի 1-ին նշվում է մ. թ. ա. 46 թ-ից, երբ Հռոմի Հուլիոս Կեսար կայսրը բարեփոխել է օրացույցն ու սկզբնավորել Հուլյան տոմարը: Բայց սեփական տոմար ունեցող ժողովուրդներն իրենց Նոր տարին նշել են տարբեր ժամանակներում` հիմնականում գարնան ու աշնան գիշերահավասարների, գարնանային զարթոնքի ու երկրագործական աշխատանքներն սկսելուն պես և այլն: 

Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդի (պահլավերեն է. նշանակում է նոր տարի՝ նավա՝ նոր, և սարդ՝ տարի) 

1-ին (օգոստոսի 11-ին), որը համընկնում էր մ. թ. ա. 2492 թ-ին Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան:

Նավասարդը և տոնական նվերները հայերն անվանել են նաև Կաղանդ (հունարեն կալենդ բառից է. նշանակում է ամսագլուխ), Ձմեռ պապին` Կաղանդ պապ: 

1582 թ-ին՝ նոր՝ Գրիգորյան տոմարն ընդունելուց հետո, եվրոպական երկրներում տարին սկսել են հունվարի 1-ից, իսկ Ռուսաստանում` Պետրոս Մեծի հրամանագրով` 1700 թ-ից: 

Գրիգորյան տոմարը Ռուսաստանում ընդունվել է 1918 թ-ին. փետրվարի 1-ը փոխարինվել է փետրվարի 14-ով՝ արտաքին աշխարհի հետ օրացուցային տարբերությունները վերացնելու համար: Հայաստանում այդ բարեփոխումը կատարվել է խորհրդայնացումից հետո՝ 1920 թ-ի դեկտեմբերի 2-ին:

Հեռավոր, Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Չինաստան, Վիետնամ, Իրան, Աֆղանստան, Արաբական երկրներ) Նոր տարին նշում են լուսնային օրացույցով` ձմեռային գիշերահավասարին հաջորդող լուսնային ամսվա առաջին օրը, որը Գրիգորյան տոմարով համապատասխանում է հունվարի 21-ից փետրվարի 21-ը ընկած օրերից մեկին: